Սրբուհի Գալյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իր պաշտոնավարման ընթացքում արդյունավետ գործընկերության համար, որի շնորհիվ հնարավոր է եղել արդարադատության ոլորտում գործուն արդյունքների հասնել։
Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ արդարադատության նախարարությունն ու դեսպանությունը կարողացել են արդյունավետ համագործակցել իրավական օգնության տարբեր ուղղություններով:
Կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրող դատապարտյալների փոխանցման, Պրոբացիայի շահառու հանդիսացող ԻԻՀ քաղաքացիներին առնչվող հարցերն ու առկա խնդիրները:
Դեսպանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել նախարար Սրբուհի Գալյանին արդարադատության նախարարության և ՀՀ Կառավարության հետ երկկողմ համագործակցության համար: Մեհդի Սոբհանին նշել է, որ կշարունակի մնալ Հայաստանի լավագույն բարեկամն ու աջակիցը և մեր երկրից հեռանում է ջերմ հիշողություններով: Դեսպանը խաղաղություն, անվտանգություն և կայուն զարգացում է մաղթել հայ ժողովրդին:
Դեսպան Մեհդի Սոբհանին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:
–00—ԼԱ