Այսօր հնարավորություն ունենք գտնել ռուս-հայկական կապերն ընդլայնելու նոր ձևեր․ Մատվիենկոն՝ Սիմոնյանին

19/09/2025 17:36 Քաղաքական

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

Հայ ժողովուրդը սեպտեմբերի 21-ին նշելու է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են բարեկամության ամուր թելերով։ Մեր քաղաքացիներին միավորում են ավանդական հոգևոր և ընտանեկան արժեքները, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում ընդհանուր ներդրումը։

Համագործակցության կուտակված քաղաքական դրական փորձի շնորհիվ այսօր մենք հնարավորություն ունենք գտնել տարբեր ոլորտներում ռուս-հայկական կապերն ընդլայնելու նոր ձևեր։ Վստահ եմ, որ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդումը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով իրականացնել համագործակցության առկա ներուժը՝ ի շահ մեր երկրների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված ուղերձում։

Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահին  Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին հաջողություն է մաղթել  օրենսդրական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում։

–00—ՅՄ