Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ գործընկերության օրակարգային հարցերը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին, ով առաջին այցով գտնվում է Հայաստանում։
Նախագահը, ողջունելով հյուրին, նշել է․ «Ձեր այցը կարևոր է, որովհետև օգոստոսի 8-ից մեր իրականության մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել։ Այսօր, երբ նշում ենք մեր անկախության 34-րդ տարեդարձը, ըստ էության հնարավորություն ունենք լիարժեք խաղաղ կյանքով ապրելու։ Այս ճանապարհին մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել նաև ԵՄ աջակցության շնորհիվ։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը հատկապես սերտ է եղել, և դրա տրամաբանությունն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Գնահատելի է այն աջակցությունն ու օգնությունը, որ ԵՄ-ն ցուցաբերում է Հայաստանին»։
Իր հերթին՝ հանձնակատար Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հավելելով․ «Պատիվ է առաջին այցելությունս Հայաստան սկսել Ձեր հետ հանդիպմամբ՝ այն կարևոր օրվա նախաշեմին, երբ նշում եք Ձեր երկրի անկախության 34-ամյակը։ Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր աշխատակազմին և Ձեր ժողովրդին։ Այն, ինչ դուք արդեն ձեռք եք բերել, և մեր ցանկությունը՝ ԵՄ-ի կողմից շարունակել լինել ձեր կողքին այս ջանքերում, պատմական կարևորություն ունի»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ գործընկերության օրակարգային հարցերը։ Կողմերը անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ հատկապես էներգետիկայի ոլորտում, ընդգծելով Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման և վերականգնվող էներգետիկայի զարգացման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են նաև տեղերում կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը, մասնավորապես՝ Սյունիքում իրականացվող «Դիմակայության և աջակցության» համատեղ նախաձեռնության ընթացքը, որն էական ներդրում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կայունության ու զարգացման գործում։
Երկուստեք բարձր է գնահատվել վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը։ Այս համատեքստում նշվել է, որ ԵՄ աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և օրենքի գերակայության ապահովմանը մեծապես նպաստում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի կայացմանը և հասարակության համապարփակ զարգացմանը։
–00—ՅՄ