Հայաստանում միջազգային գիտաժողով է անցկացվում
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Սիրտ-անոթային հիվանդությունները մնում են մահացության թիվ մեկ պատճառը ոչ միայն մեր երկրում, այլև` աշխարհի զարգացած երկրներում` չնայած բժշկագիտության զարգացմանն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը. այս թեմայով միջազգային գիտաժողովն առաջին անգամ անց է կացվում Հայաստանում:
Նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է աշխատաժողովի նախագահությանն ու մասնակիցներին. «Սրտանոթային հիվանդությունները կանխարգելելի են. հիվանդության վաղ հայտնաբերման, ճիշտ կառավարման արդյունքում հնարավոր է երկարացնել մարդու կյանքը, բարելավել նրա կյանքի որակը: Ի վերջո, կարող ենք հասնել ընդհանուր բնակչության առումով առողջական լավացման, եթե հետևենք շատ պարզ կանոնների, զերծ մնանք վնասակար սովորություններից, փոխենք մեր վարքագիծը, իսկ մենք` քաղաքականություն մշակողներս, պետք է լինենք կյանքեր փրկող հրաշագործ բժիշկների կողքին»:
Նախարարն ընդգծել է առողջության առաջնային պահպանման օղակի դերն այս հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման գործում` կարևորելով ռիսկի գործոնների նվազեցումը, ֆիզիկական ակտիվության և առողջ սննդակարգի անհրաժեշտությունը, վարքագծային փոփոխության պատրաստակամությունը:
Խոսելով այս ոլորտում իրականացվող պետական ծրագրերից` նախարարն առանձնացրել է «Ստենդ` կյանքի համար» ծրագիրը, որը վերջերս ընդլայնվել է, «Գլխուղեղի իշեմիկ կաթվածի ազգային ծրագիրն» ու դրա նաև մարզային հասանելիությունը, ինչպես նաև` դեղապահովման ոլորոտում վերջերս արված բարեփոխումները:
Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ջանքերով:
Սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանն անդրադարձել է վիճակագրական տվյալների, միջազգային ուղեցույցների հիման վրա մեր գործելակարգերի մշակմանը. «Սա շատ կարևոր է հատկապես մարզային բժիշկների համար։ Ուղեցույցների հիմքի վրա նախարարությունը մշակում է գործելակարգեր, որոնք թույլ են տալիս բարձրացնել ախտորոշման և բուժման որակը` հեշտացնելով միաժամանակ պրակտիկ բժշկի աշխատանքը»։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան առողջապահության նախարարության հետ համատեղ 2023 թվականին ձեռնամուխ է եղել առաջին ազգային սրտաբանական ռեգիստրի՝ սրտամկանի ինֆարկտի ռեգիստրի ստեղծմանը:
Աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած առաջատար մասնագետներն այս աշխատաժողովը համարում են հրաշալի հարթակ` փորձի փոխանակման ու մասնագիտական ամուր կապերի ստեղծման համար:
—00—ԼԱ