Նվազել են սպանության և բնակարանային գողության դեպքերը. նախարարը հանդիպել է ծառայողների հետ

19/09/2025 13:04 Ներքին կյանք

Սեպտեմբերի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Ծանր հանցագործությունների դեմ պայքարի ու Հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ։

Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը, հայտնում են ՆԳ նախարարությունից:

«Ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։ 8-ով աճել են սպանության փորձերը, բնակարանային գողությունները նվազել են 44 դեպքով։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 133 դեպք։ ՔՈ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վնասազերծվել է բնակարանային գողություններով զբաղվող ընդհանուր 45 անձից բաղկացած 19 խումբ։ Բացահայտվել է նրանց կողմից կատարված բնակարանային 75 գողություն։ Արձանագրվել է քրեական ենթամշակույթի հետ կապված 13 դեպք։

Այս տարվա 8 ամիսներին հայտնաբերվել է 1804 հետախուզվող, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 25 քրեական վարույթ, որոնցից 13-ը վերաբերել է սեռական, 12-ը՝ աշխատանքային շահագործմանը։

Դրական գնահատելով բնակարանային գողությունների նվազումն ու բացահայտման աճը՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը, զարգացնել բնակարանային գողությամբ զբաղվող հատկապես խմբերի բացահայտման մարտավարությունը։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքը՝ շեշտելով, որ որքան էլ հայտնաբերված զենք-զինամթերքը անցած տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի ավելի է, բայց դեռևս ծավալները շարունակում են մնալ անհանգստացնող։

Զուգահեռ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչի ուղղությամբ նախարարը հանձնարարել է թարմացնել առկա բազան, դրանում ներգրավել քրեական ենթամշակույթին պոտենցիալ հարող անձանց, նրանց հետ տանել համապատասխան աշխատանք: Երիտասարդական խմբերը պետք է մշտապես լինեն ոստիկանների օպերատիվ տեսադաշտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

—00—ՄԱ