Առողջապահության նախարարը հիվանդանոցում քարոզչություն է արել. «Ժողովուրդ»

19/09/2025 08:27 Ներքին կյանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցածը կրկին հիշեցրեց, թե ինչպես է պետական համակարգը աստիճանաբար վերածվում կուսակցական գրասենյակի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տնօրենության աշխատասենյակում հավաք է կազմակերպել՝ պահանջելով ապահովել ՔՊ-ի անդամների ներկայությունը։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարտունի համայնքի ավագանու անդամ, Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանն անձամբ Անահիտ Ավանեսյանին դիմավորել է հիվանդանոցում, ավագանու մի քանի ՔՊ-ական անդամների հետ սպասել են այնտեղ, մինչեւ գլխավոր բժիշկը Երեւանից հասել է Մարտունու ԲԿ, որպեսզի կարողանան կազմակերպել քարոզչական աշխատանքները:

Հիվանդանոց այցելած բուժաշխատողները սպասել են, որ նախարարն առիթը կօգտագործի մասնագիտական խնդիրներ լսելու, բաժիններում շրջելու, բժշկական անձնակազմի հետ առողջապահական հարցեր քննարկելու համար, բայց նախարարը հերթական կուսակցական քարոզարշավն է արել։ Նա փոխանակ քաղաքականությունից հեռու եւ չեզոք պահի բուժհաստատությունը՝ այն վերածել է կուսակցական հավաքատեղու, ինչը բժշկական համայնքի վստահությունն է նվազեցնում նույն նախարարության նկատմամբ։

Հարց է ծագում. եթե առողջապահության թիվ մեկ պատասխանատուն բժշկական կենտրոն է մտնում ոչ թե մասնագիտական խնդիրների լուծման, այլ քարոզչության համար, ապա ո՞վ պիտի զբաղվի առողջապահությամբ։

Նախարարի մամուլի խոսնակը, հաստատելով մեր տեղեկությունը, որ նախարարը եղել է Մարտունու ԲԿ-ում, այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթին տվեց հետեւյալ պարզաբանումը. «Տիկին նախարարը շատ լավ գիտի որտեղ կարող է քաղաքական քարոզչություն եւ հավաք անել, ու որտեղ` առողջապահական. ոլորտային հարցեր քննարկել, շրջայց կատարել: Եվ լավ կլինի իրազեկված լինեք, որ վարչության ընտրություններում ընտրողները կուսակցականներն են, քարոզարշավը կուսակիցների շրջանում է, ուստի այլ միջավայրում, ինչպես դուք եք ասում՝ քարոզ անելը, մեղմ ասած, տեղին չէ: Նախարարը Մարտունիում եղել է կուսակցական գրասենյանում, որից հետո, օգտվելով մարզում գտնվելու հանգամանքից, այցելել է նաեւ մեր ենթակայության ներքո գործող բժշկական կենտրոն»»։

—00—ՍՊ