Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Սեպտեմբերի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 69-րդ նստաշրջանում: Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ բոլոր ուղղություններով ընթացող համագործակցությունը, վերջինիս բացառիկ փորձը և հեղինակությունը միջուկային ապահովության գնահատման գործում՝ այս համատեքստում ընդգծելով ԱԷՄԳ փորձագիտական և խորհրդատվական առաքելությունների շարունակական այցերը Հայաստան:
ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
Ընդգծվել է Հայկական ԱԷԿ-ի ռազմավարական նշանակությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության և տնտեսական աճի ապահովման գործում՝ վերահաստատելով՝ ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու ՀԱԷԿ անվտանգ և ապահով շահագործումը՝ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին և ԱԷՄԳ կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը և ապագայում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը։
Գոհունակությամբ նշվել է, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային ապահովության հետ կապված որևէ միջադեպ չի արձանագրվել։ Միաժամանակ, ԱԷՄԳ-ն շարունակում է Հայաստանի համար ներկայացել երաշխիքների համապարփակ ապահովման վերաբերյալ եզրակացություններ։
ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև այլ ոլորտներում Հայաստանի և ԱԷՄԳ միջև արդյունավետ համագործակցությանը և բարձր գնահատել ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում ՀՀ կարողությունների զարգացման և տեխնիկական ապահովման գործում Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրվող շարունակական աջակցության համար։
Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT)՝ ընդգծելով NPT բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ մշակելու, հետազոտելու, արտադրելու և օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը խաղաղ միջուկային օբյեկտների նկատմամբ զինված հարձակումների կամ հարձակումների սպառնալիքների անթույլատրելիության վերաբերյալ՝ ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսների համապատասխան բանաձևերի և որոշումների համաձայն, և կոչ արել ԱԷՄԳ բոլոր անդամ պետություններին զգոն լինել հնարավոր աղետալի հետևանքների վերաբերյալ:
ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 69-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի և ՀԱՅԱՏՈՄ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները։
—00—ԼԱ