Վերականգնվում է շանթահարված 13-րդ դարի խաչքարը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան է տեղափոխվել կայծակի հետևանքով վնասված 13-րդ դարի խաչքար /պետ ցուցիչ՝ 9.27.3.6/։ Մասնագետների վերահսկողությամբ խաչքարը վերականգնվում է։ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մոտ 2 տարի առաջ Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն վարչական շրջանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին վնասված արձանագիր խաչքարն ու ահազանգել։
Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից արված մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ կայծակի ուժը բավականին ուժգին է եղել և արդյունքում մոտ 1.0×2.3 մ չափեր ունեցած խաչքարը գրեթե ամբողջությամբ բեկորվել է։ Պահպանված քանդակազարդ և քանդակազուրկ փոքր հատվածներում նախնական շերտավորումներ և ճաքեր էին առաջացել։ Կայծակի հարվածից նաև տեղաշարժվել էր հսկայածավալ ժայռ–պատվանդանը, որի հարավ արևելյան անկյունային հիմնաքարը փշրվել էր։
Խաչքարի բոլոր բեկորները պահպանվել են տեղում։ Եվ հիմա, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան տեղափոխելուց հետո, մասնագետները խնամքով վերականգնում են արձանագիր խաչքարը։
—00—ՄԱ