Հայաստանի ներկայիս գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ում իր պարտավորություններին․ ՌԴ ԱԳՆ

18/09/2025 14:41 Քաղաքական

Երևանի ներկայիս գործողությունները չեն հակասում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նա նշել է, որ մինչ այժմ Հայաստանի հայտարարությունները Եվրամիությանը միանալու մտադրության մասին միայն «քաղաքական հայտարարություններ» են։

«Միևնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ երկու միավորումների միաժամանակ անդամ լինելը անհնար է՝ դրանց բնույթից ելնելով», – նշել է Աղասանդյանը։

«Ներկայումս Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ի շրջանակներում իր պարտավորություններին։ Մենք կշարունակենք հետևել գործնական քայլերին։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵԱՏՄ բոլոր անդամներն էլ դա անում են։ Կարևորն այն է, որ նման փոխազդեցությունը չհակասի միության շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Առայժմ դա այդպես չէ»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով, միությանը Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական։ Երկիրը «ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում և տեսնում է իր մասնակցությունից օգուտներ»։ «Այո, առևտուրը նվազել է», – նշել է Աղասանդյանը։ «Նախկինում աճ էր նկատվում, բայց հիմա ամեն ինչ վերադառնում է ավելի բնականոն հուն։ Վերջին տարիների դինամիկային նայելով՝ 2015 թվականին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր, նրա առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է»։

Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենք, որը սկիզբ է դնում երկրի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության գործընթացին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա չի նշանակում ուղիղ անդամակցություն, քանի որ այս հարցը պահանջում է հանրաքվե։

Ինչպես հայտարարել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Մոսկվան այս գործողությունները դիտարկում է որպես հանրապետության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, քանի որ ԵՄ-ին միանալը անհամատեղելի է երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հետ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդել է, որ Երևանը չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն։

–00—ՅՄ