ՔԿ նախագահը Չինաստանում մասնակցել է Համաշխարհային անվտանգության համագործակցության համաժողովին

18/09/2025 13:37 Ներքին կյանք

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որին հրավիրված էին ավելի քան 120 երկրների և միջազգային կազմակերպությունների մոտ 2000 ներկայացուցիչներ. հայտնում են ՔԿ-ից։

Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովը բաղկացած էր 3 նստաշրջանից և 8 ենթահամաժողովից, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային անվտանգության գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի իրավիճակին և միջոցառումներին, թմրամիջոցների վերահսկման ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությանը, ինչպես նաև հանրային անվտանգության տեխնոլոգիաներին և սարքավորումներին, զբոսաշրջության անվտանգությանը:

Համաժողովի ավարտին Արթուր Պողոսյանը մասնակցել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։

—00—ԼԱ