Այդ կնոջ ամուսինը հայհոյանքներ է ուղարկել ինձ, հիմա ՔԿ-ն կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. Կադաստրի պետ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Այդ կինն է փաստել, որ իր ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ, շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ դա ներկայացնեն իրավապահ մարմիններին։ Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովասյանը՝ անդրադառնալով կոմիտեի նախկին աշխատակցի՝ վերջերս ներկայացրած աղմկահարույց միջադեպի մանրամասներին։ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը հայտնել էր, որ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իր ամուսնուն առևանգել և ծեծի են ենթարկել։
«Իրենք են փաստել՝ այդ կինը, որ իր ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ և շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ այդ փաստերը ներկայացնեն իրավապահ մարմիններին։ Ինչի՞ համար պաշտոնս թողնեմ կամ արձակուրդ գնամ, ես 4 զավակ ունեմ, ամբողջ օրը լծված եմ իմ պարտականությունների կատարմանը։ Ես սեփական չափագրման ընկերություն չունեմ», – իր խոսքում ասաց պաշտոնյան։
«Ես դեռևս չեմ հրավիրվել քննչական մարմին, որ հրավիրվեմ, ամեն ինչ կներկայացնեմ։ Այս հարցի վերաբերյալ ես որևէ մեկի հետ չեմ խոսել», – լրագրողների հայտնեց Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը տեսախցիկի առջև հայտնել էր, որ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը փորձել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցը պարզաբանել։
Միջադեպին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ազատումը, ինչից հետո վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չի ստացել և ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, ըստ տիկնոջ, իր ամուսնուն՝ Արթուրին, առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ, ծեծին մասնակցել է մոտ հիսուն մարդ։
Նշենք նաև, որ ՆԳՆ-ից կատարվածի վերաբերյալ հայտնել են հետևյալը. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ