Մասիս սարը կնիքի վրայից հանել ենք, որպեսզի ՀՀ-ի անվտանգությունն ու ինքնիշխանությունը ուժեղացնենք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կառավարության որոշումը՝ Արարատ լեռան պատկերը վիզայի կնիքի վրայից հեռացնելու վերաբերյալ, պայմանավորված չէր Թուրքիայի պահանջներով։
«Ինչ վերաբերվում է անձնագրերի դրոշին, այդ խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ։ Հայաստան-Թուրքիա որևիցե բանակցության մեջ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։ Անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը։ Մենք ինքներս պիտի ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը իր միջազգային ճանաչված տարածքով։ Մենք ունենք ռազմավարություն ապահովելու մեր պետության հարատևությունը։ Իսկ դրա համար պետք է պետությունը դնենք ճիշտ աէրոդինամիկայի մեջ»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ: Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին։
Նշենք, որ վերոնշյալ որոշմանն անդրադարձել են ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ՝ ընդգծելով, որ այս ամենը գործող իշխանության կողմից պետության ինքնության խմբագրման գործընթաց է, և որ սրանով այս իշխանությունը կատարում է թուրքական կողմի պահանջները։
Հավելենք, որ որոշմամբ առաջարկվում է նաև փոքրացնել ամսաթիվ/կնիքների չափերը:
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ