Միրզոյանը ՄՔԴ հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է Հռոմի կանոնադրության հիման վրա ծրագրերը
17/09/2025 21:45
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի՝ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրեն Դեբորա Ռուիզ Վեդուսկոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և հիմնադրամի միջև փոխգործակցության հարցեր։
Նախարար Միրզոյանը հայտնել է ՀՀ սկզբունքային աջակցությունը հիմնադրամի գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ իրականացվող ծրագրերում։
Դեբորա Վեդուսկոն ներկայացրել է Հռոմի կանոնադրության հիման վրա ՄՔԴ անդամ պետությունների կողմից 2002 թվականին ստեղծված հիմնադրամի գործունեության շրջանակը, դրա կողմից իրականացվող ծրագրերն ու աջակցության մեխանիզմները։
Մինչ ՄՔԴ-ն հետաքննում և քրեական հետապնդում է ցեղասպանության, մարդկության դեմ, պատերազմական և ագրեսիայի հանցագործությունների դեպքերը, Տուժածների հավատարմագրային հիմնադրամն արձագանքում է ՄՔԴ-ի իրավասության ներքո գտնվող հանցագործությունների հետևանքով պատճառված վնասին։ Հիմնադրամը մասնավորապես աջակցում է զոհերի և նրանց ընտանիքների իրավունքների իրացմանը՝ տրամադրելով փոխհատուցում և օգնություն։ Հիմնադրամն աշխատում է զոհերի հետ՝ հոգեկան առողջության, ֆիզիկական վերականգնման և նյութական աջակցության հետ կապված կենսական ծրագրեր իրականացնելու համար։