Ապօրինի «Կալաշնիկովը» հայտնաբեվեց ձերբակալվածի բնակարանում. բացահայտում

17/09/2025 17:15 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը տանը պահում է ինքնաձիգ, նաև Արարատի ու Սյունիքի մարզի բնակիչ երկու ընկերոջ հետ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:

Տեղեկությունը ստուգվեց, և սեպտեմբերի 15-ին երեքն էլ ձերբակալվեցին, իսկ արմավիրցու տունը վերցվեց հսկողության:

Ձերբակալվածներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե երկու ծխամորճ` մեթամֆետամինի նմանվող հետքերով, իսկ երկրորդի մոտ եղած ծխախոտի տուփը լցված էր մարիխուանայի նմանվող զանգվածով:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվեց քրեական վարույթ:

Արմավիրցու տան զննությամբ հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգը` փամփշտակալով և 18 փամփուշտով, նաև` զինվորական չորս սաղավարտ:

Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

—00—ՄԱ