Ղազախստանը վերսկսել է նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղով

17/09/2025 16:15 Միջազգային

Ղազախստանը վերսկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով նավթի արտահանումը, որը դադարեցվել էր օգոստոսին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է «Ղազմունայգազ» բաժնետիրական ընկերությունը:

««Ղազմունայգազ»-ը վերսկսել է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով: Սեպտեմբերի 13-ին Ակտաուի նավահանգստից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի ուղղությամբ առաքվել է 8 800 տոննա Քաշագանի նավթ, իսկ հաջորդ առաքումը նախատեսվում է սեպտեմբերի 20-ին», – ասված է հայտարարության մեջ:

Ընկերության մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ «այդ երթուղով մատակարարումները դադարեցվել էին ընթացիկ տարվա օգոստոսին»:

Մամուլի ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրված ղազախական նավթի ծավալը կազմել է 0,9 միլիոն տոննա:

Օգոստոսին «Վեդոմոստի» թերթը հաղորդել էր, որ Ղազախստանը ժամանակավորապես վերաուղղորդել է նավթի առաքումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղուց դեպի Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշար։ Ըստ թերթի տվյալների՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հուլիսի 23-ին British Petroleum նավթային ընկերությունը հայտնել էր ադրբեջանական նավթի՝ օրգանական քլորիդով աղտոտման հետ կապված հնարավոր խնդիրների մասին։ Ընդ որում, նավթի աղտոտման աղբյուրը չի պարզվել։

Հուլիսին Էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, որ Ղազախստանը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը 2024 թվականի 1,4 միլիոն տոննայից 2025 թվականին ավելացնել մինչև 1,7 միլիոն տոննա:

–00—ԼԱ