Իրանի նախագահի այցը ՀՀ նոր ազդակ է հաղորդել հարաբերությունների ընդլայմանը․ Փաշինյանը՝ դեսպանին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի: Այդ գործում երկրի ղեկավարն ընդգծել է Մեհդի Սոբհանիի անձնական ներդրումը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:
Մեհդի Սոբհանին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը ակտիվ և արդյունավետ երկխոսության համար՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերի ամրապնդման համար: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս կանի ամեն ինչ՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար:
Վարչապետը դեսպան Սոբհանիին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
–00—ՅՄ