Իսրայելի բանակը Եմենի Հոդեյդայի նավահանգստից մարդկանց անհապաղ տարհանման կոչ է արել

16/09/2025 17:50 Միջազգային

Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրային անհապաղ տարհանման կոչ է արել Եմենի Հոդեյդայի նավահանգստից, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակի իր էջում Ադրային հրապարակել է նավահանգստի արբանյակային լուսանկարը, որտեղ կարմիր գույնով նշված է վտանգավոր գոտին:

«Շտապ նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր գտնվում են Եմենի Հոդեյդայի նավահանգստում: Պաշտպանության բանակն առաջիկա ժամերին կգրոհի քարտեզի վրա նշված շրջանի վրա՝ հութիների ահաբեկչական ռեժիմի ռազմական գործողությունների պատճառով: Ձեր անվտանգության նպատակով կոչ ենք անում բոլորին, ովքեր գտնվում են Հոդեյդայի նավահանգստում և այնտեղ կառանված նավերում, անհապաղ տարհանվել», – գրել է նա:

Նման զգուշացումներից հետո, որոնք իսրայելական բանակը նախկինում տվել է Գազայի հատվածի, Լիբանանի և Եմենի բնակիչներին, հաղորդագրություններում նշված շրջանները ենթարկվել են ավիահարվածների:

—00—ՄԱ