Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը հնարավոր է կայանա Թուրքիայում
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում.
«Ամսաթիվը դեռ որոշված չէ»,-ասել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը «դրական» է որակել Թուրքիայի ներկայացուցչի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպումը․
«Սա մեր 6-րդ հանդիպումն էր և առաջինը՝ երկու երկրներից մեկում, մեր երկրում, այսինքն մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացրել էինք 3-րդ երկրներում, մեկ անգամ հենց սահմանին, այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում: Սա սիմվոլիկ առումով դրական է, կարծում եմ հաջորդ հանդիպումն էլ Թուրքիայում կանցակցվի»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վեցերորդ հանդիպումը:
Կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
Ռուբինյանն ու Քըլըչը նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:
Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:
—00—ՍՊ