Այս պահին էլ Ոսկեպարի եկեղեցի մեծ քանակությամբ ուխտավորների մուտքն արգելվում է․ Գառնիկ Դանիելյան
15/09/2025 19:44
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ձայնակցելով, գուցև հաճոյանալ փորձելով վարչակարգի պարագլխին, Ազգային ժողովում գումարված վերջին նիստի ընթացքում իշխանական մի քանի պատգամավորներ հիշեցին իմ արած հայտարարությունները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու շուրջ, որոնք հնչել էին Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման օրերին։
Ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, ինչին էլ մշտապես մանիպուլյացիոն թեզերով պատրաստվում է ՔՊ֊ն՝ յուրաքանչյուր նիստից առաջ։
Հիմա՝ փաստերով․



Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով հնչեցված մեղադրանքին՝ նշեցի, որ եկեղեցու չհանձնման հանգամանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տավուշից սկիզբ առած «Սրբազան շարժում»֊ը։
Հազարավոր մարդիկ այդ օրերին իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ չհամաձայնելով միայն զիջում ենթադրող և մեր ազգային ու պետական շահերից չբխող գործընթացի հետ։
Հնչեցրած միտքս փոթորկեց որոշ իշխանական պատգամավորների․ համաժողովրդական ընդվզումը նսեմացնել փորձող այս մարդիկ դեռ մի բան էլ ինձնից ներողություն պահանջեցին։
Թեռևս, հիշեցնեմ, որ 2024 թվականի մայիսի 16֊ին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը, որտեղ հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում, վարչությունից պատասխանել են, մեջբերում եմ․
«Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով»։
Սա լավագույնս փաստում է այն հանգամանքը, որ Ոսկեպարի եկեղեցու հարցն առնվազն եղել է քննարկման առարկա։
Այդ օրերին դուք տավուշեցուն խոստանում էիք, որ «դելիմիտիացիայի» գործընթացի արդյունքում հետ կբերվեն տարածքներ Պառավաքարից, Բերքաբերից, Վազաշենից։
Քանի՞ սանտիմետր հող եք հետ բերել։
Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ (պաշտոնական տվյալներով):
Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ։ Մինչդեռ, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ ներկայացնելու փոխարեն դեռ մի բան էլ հայտարարում եք, թե այստեղ կան ադրբեջանական տարածքներ։
Եվ, ընդհանրապես, ՀՀ պետական ու ազգային շահերը ամեն հնարավոր ձևով ոտնատակ տվող խմբակը բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու որևէ ընդդիմադիր գործչի։ Ձեր քծնանքը հասել է այնտեղ, որ հիմա էլ որոշել եք Արարատ լեռան պատկերը հեռացնել երկիր մուտք գործելիս անձնագրում ստացվող հայկական դրոշմանիշներից։
—00—ԼԱ