Հայաստան-Շվեդիա հարաբերությունները նոր թափ կստանան. ՀՀ նախագահն իր հավատարմագրերն է հանձնել դեսպանին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի առայժմ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն համագործակցության և այն մեծ աշխատանքի համար, որ կատարել է Շվեդիան Հայաստանում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Շվեդիան և Հայաստանը քաղաքական երկխոսության և համագործակցության բարձր մակարդակ ունեն բոլոր բնագավառներում։ Վստահ եմ, որ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում այդ հարաբերությունները ավելի կակտիվանան»,– նշել է նախագահը։
Դեսպան Եվա Սունդքվիստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով. «Ինձ համար մեծ պատիվ է լինել դեսպան Հայաստանում, որը հիանալի երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Մեծ ակնկալիքով եմ սպասում մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուտների կայացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում է ստացել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման և իրավական պետության կայացման գործընթացներին Շվեդիայի ցուցաբերած աջակցությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջազգային նշանակալի միջոցառումներին։ Մասնավորապես, քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական հարցերը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ շեշտելով կայուն և տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Երկուստեք շեշտվել է, որ նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել խաղաղության ամուր հիմքեր, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայուն զարգացմանը։
–00—ՅՄ