Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է․ «Փաստինֆո»

15/09/2025 17:36 Ներքին կյանք

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է՝ սեպտեմբերի 12-ից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ ՀՔԾ նախկին քննիչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար  Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, օրերս կալանավորվել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Մուշեղյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը, որի վարույթում շուրջ մեկ տարի է, ինչ գտնվում է Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ քրեական գործը։

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա   Մուշեղյանը  2023 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հարբած՝ ոչ սթափ վիճակում՝ (ալկոհոլի պարունակությունը արտաշնչած օդի մեջ 0.803 միլիգրամ) վարելով «FORD FUSION 1.6 ECOBOOST» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայով՝ Փափազյան փողոցի կողմից դեպի Վրացական փողոց տանող ուղեմասով և հասնելով Կոմիտասի պողոտա, տեխնիկական տեսակետից թույլ է տվել   ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ տվյալ ճանապարհահատվածում,  իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց երթևեկելի ուղեմաս` կատարելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է այդ ուղեմասով ուղիղ երթևեկող Անդրանիկ  Առաքելյանի վարած  ավտոմեքենային,  ինչի հետևանքով Առաքելյանը ստացել է մարմնական ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։  Քրեական գործով Մուշեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել բացակայելու արգելքը։ Նախկին քննիչն իրեն արտոնյալ է զգացել ու դատավորը վերանայել է խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ հենց Հրաչյա Մուշեղյանն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներին մեղադրանք ներկայացնող քննիչը, ինչից անմիջապես հետո նշանակվել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից տեղափոխվեց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնում։ Մուշեղյանը պաշտոնից ազատվել էր պատերազմից հետո, ապա՝ վերադարձել՝ նշանակվելով  Հակակոռուպցիոն կոմիտեի  կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնում։ Նշված պաշտոնից ազատվելուց հետո  փաստաբանական գործունեություն է իրականացնում։ Նշենք, որ Մուշեղյանը եղել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնող քննիչը։

—00—ԼԱ