«Գոյ» թատրոնի ոչնչացման նոր էջ է սկսվել. քանդում են բեմը. Սարգիս Արզումանյան

15/09/2025 16:40 Ներքին կյանք

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը գրում է․ ««Գոյ թատրոնի» պատմությունը շարունակում են ջնջել։

Մեկ ամիս առաջ հեռացրին թատրոնի պաստառները, անվանումը, տոմսարկղը։ Մենք գիտեինք, բայց չբարձրաձայնեցինք։ Սակայն այսօր այլևս լռել հնարավոր չէ․ քանի որ տեղեկություններ ունենք, որ արդեն քանդում են «Գոյ թատրոնի» ԲԵՄԸ։

Այս ամենը փաստում է մեկ բան․ որոշ փոքրահոգի և թատրոնից հեռու մարդիկ թատրոն չէին ուզում, նրանց պետք էր պարզապես տարածք։

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, իր անպատասխանատու և ստոր որոշումներով, իրականում ոչ թե ծառայում է արվեստին, այլ իրականացնում է ցինիկ գույքաբաշխման ծրագիր։ Այսօր նա հանդես է գալիս ոչ թե որպես մշակույթի գործիչ, այլ որպես «կացին», որը քանդում է ոչ թե պատերը, այլ՝ թատրոնի հոգին։

Թատրոնը, որի հիմքում տասնամյակների պայքար և ստեղծագործական ժառանգություն կա, վերածվում է իրենց համար «գրասենյակային տարածքի»։ Սա արվեստի հանդեպ արհամարհանքի գագաթնակետն է։

Հիշեցնեմ․ գործը դեռ դատարանում է։ Եվ մինչ դատարանը պետք է որոշում կայացնի, նրանք արդեն գործում են որպես դատավոր ու դահիճ։ Սա ոչ միայն անօրինական է, այլև՝ մշակութային հանցագործություն»։

–00—ՅՄ