Թրամփը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, երբ ՆԱՏՕ երկրները դադարեցնեն ռուսական նավթի գնումը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և դադարեցնեն նավթ գնել Ռուսաստանից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social-ի իր էջում հրապարակած ուղերձում։
«Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն նավթ գնել Ռուսաստանից։ Ամեն դեպքում՝ ես պատրաստ եմ սկսել, երբ պատրաստ լինեք», – նշել է Թրամփը։
Նա նաև առաջարկել է, որ ՆԱՏՕ-ն միասնականորեն 50–100 տոկոս մաքսատուրք կիրառի Չինաստանի դեմ, ինչը կարող է դադարեցվել միայն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտվելուց հետո։ Թրամփի գնահատմամբ՝ նման քայլը հսկայական օգնություն կցուցաբերի պատերազմը կանգնեցնելու հարցում։
ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ այս պատերազմը Բայդենի և Զելենսկու պատերազմն է.
«Սա Թրամփի պատերազմը չէ (այն երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ)։ Ես այստեղ եմ միայն այն բանի համար, որ օգնեմ կանգնեցնել այն և փրկել հազարավոր կյանքեր»,- շեշտել է նա։
Թրամփի խոսքով՝ եթե ՆԱՏՕ-ն հետևի իր առաջարկություններին, պատերազմը արագ կավարտվի, հակառակ դեպքում վատնվում է Միացյալ Նահանգների ժամանակը, էներգիան և գումարը։
—00—ԼԱ