ՀՀ-ոմ ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել է դատավորների և դատախազների կարիերայի գնահատման հարցը
11/09/2025 22:26
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Դադունցը և Աննա Կարապետյանը ներկա են գտնվել սեպտեմբերի 11-ից 12-ը Երևանում մեկնարկած՝ ԵՄ «ԹԱՅԵՔՍ» գործիքի շրջանակում 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 17-ը իրականացված` դատավորների ու դատախազների կարիերայի գնահատման նպատակով փորձագիտական խմբի այցելության արդյունքում մշակված զեկույցի վերաբերյալ աշխատաժողովին:
Աննա Կարապետյանն իր բացման խոսքում բարձր է գնահատել փորձագետների կողմից ներկայացված զեկույցը և վերջիններիս կատարած աշխատանքը՝ շեշտադրելով Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված աշխատանքները և վերահաստատելով պատրաստակամությունը՝ ապահովելու դատաիրավական բարեփոխումների շարունակական իրականացումը։
Նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է Արդարադատության նախարարության դիրքորոշումը զեկույցում արված առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել դրանց լուծմանն ուղղված ոլորտային իրավական ակտերի նախագծերին։
Աշխատաժողովին բացման խոսքով է հանդես եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը:
Աշխատաժողովին անդրադարձ է կատարվել գնահատման արդյունքում փորձագետների կողմից ներկայացված առաջարկներին, մասնավորապես` քննարկվել են դատավորների ու դատախազների անկախության, նշանակման, կատարողականի գնահատման և այլ հարցեր:
Վերոնշյալ հանդիպումը ծառայել է հարթակ, որտեղ ներկաները հնարավորություն են ունեցել ոլորտի առաջատար ԵՄ փորձագետների հետ քննարկելու ներկայացված զեկույցը և Նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը:
Աշխատաժողովի երկրորդ օրը քննարկվելու են դատավորների և դատախազների կարգապահական պատասխանատվության, վերապատրաստումների և առաջխաղացմանն առնչվող հարցեր: