Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Վաղուհաս գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում՝ Թարթառ գետի աջ ափին՝ Ղարաբաղի լեռնաշղթայի Հակառակաբերդի լանջին՝ շրջկենտրոնից 52, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա: Գյուղը լեռնային է, ունի 1480,18 հա տարածք, որից 581,86 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 691,63 հա անտառային հողեր: Վաղուհասի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը:
Գյուղում հաշվառված են ավելի քան 120 պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են 8-9-րդ դարերի մատուռը, 9-րդ դարի Շմաղբյուր եկեղեցին, 1183 թվականին կառուցված Մայրաքաղաք կամ Տիրամայր վանքը, 1224 թվականին կառուցված Կարմիր վանքը, 12-13-րդ դարերի գերեզմանոցը, միջնադարյան «Հին Վաղուհաս» գյուղատեղին, 1204 թվականին կառուցված Խաթրավանքը, 9-13-րդ դարերի եկեղեցին «Թլենի» գյուղատեղիում և այլն։
Վաղուհաս գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվում են հին եկեղեցու և գյուղատեղիի ավերակները, որը տեղացիներն անվանում են Հին Վաղուհաս, իսկ գյուղի արևմտյան մասում է գտնվում Եղցու թալա հին գյուղատեղիի ավերակ եկեղեցին։
Գյուղն ունեցել է 1283 թվականին կառուցված Մայրաքաղաք կամ Տիրամայր անունով եկեղեցի։ Եկեղեցու մեծությունից և կից գերեզմանատան ծավալից երևում է, որ ժամանակին վանքը բավականին հռչակավոր է եղել, իսկ գյուղը՝ մեծ։ Եկեղեցին շինված է եղել սրբատաշ քարերով, ունեցել է մեծ գավիթ, հարավային եկեղեցի և գրադարան։
Վաղուհաս գյուղից 10 կմ հեռավորության վրա է գտնվում Կամիր-Վանքը, որը կառուցվել է 1224 թվականին Վախթանգյան իշխանական տան Սակո իշխանի կողմից: Գլխավոր եկեղեցուն կից է գավիթը և երկրորդ եկեղեցին, որոնք նույն դարի կառույցներ են: Կարմիր վանքը հայտնի է իր գրչագիրներով, որոնցից որպես գրիչ հիշատակվում է Վարդանը: Վանքի պատերին կան շատ վիմագիր արձանագրություններ:
Երեք եկեղեցիներից բաղկացած Խաթրավանքը, որը եղել է ճարտարապետական նշանավոր համալիր, իր մեջ ներառում է խաչքարերի արժեքավոր հավաքածու։ Այս եկեղեցու պատերի մեջ ագուցված տասնյակ խաչքարերով և վիմագրերով հնարավոր է բացահայտել գավառի նախընթաց պատմության և մշակույթի շատ ծալքեր, որոնց մասին ուրիշ աղբյուրներ գոյություն չունեն։ Խաթրավանքի արևմտյան կողմում խոր ձորի լանջի ժայռի մեջ է գտնվում Խաթրա անունով բերդը։
Համայնքի տարածքում առկա են շուրջ 30 աղբյուրներ` «Կյուքին», «Հաթումեն յաթաղի», «Կտվենին տակեն», «Շուղկաթ», «Շենին ճուր», «Սալաթին», «Սևունց թա ղեն», «Ներքին ուկահին», «Տակեն», «Զկռոտ թլեն», «Քոռ», «Պըլըպուղուն», «Վանին», «Ցորտ», «Անուշ», «Սրականց տափեն», «Թռուսխեն», «Խաչունց», «Շաշմա», «Պեխե», «Դնգդնգան», «Կուքին», «Շահրամանեն», «Եփրեմեն», «Շոր», «Շենեն», «Բաջին», «Ճինջիքարեն», «Իշխանեն» և «Լալախկեն»:
Մինչև 2023թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը գյուղում գործել են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց։ Գյուղում ապրել է շուրջ 650 մարդ, ովքեր հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ:
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
—00—ՍՊ