Արզնի ղեկավարը կասկածվում է համայնքի օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու մեջ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ապրիլի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվում, որ Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքի ղեկավար 46-ամյա Ֆելիքս Միրզոևը, իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ապա անօրինական համաձայնության գալով Արզնի համայնքի բնակիչներ 46-ամյա Ա. Դ.-ի, 36-ամյա Ա. Ս.-ի և 35-ամյա Դ. Վ.-ի հետ, այս տարվա մարտի 24-ին կայացած ձևական աճուրդի միջոցով վերջիններիս շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով, 25 տարի ժամկետով վարձակալական հիմունքներով տրամադրել է համապատասխանաբար 0.245 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 80 հազար դրամ գումարով, 0.30716 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 300 հազար դրամ գումարով և 0.12 հա մակերեսով նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 150 հազար դրամ գումարով, ինչի արդյունքում համայնքի օրինական շահերի պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
–00—ՅՄ