Պատմում է Յուրան․ Մովսիսյանը վերհիշել է Իռլանդիայի դեմ պատմական խաղերը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում վերհիշել է Իռլանդիայի դեմ 2010 և 2011 թվականների պատմական հանդիպումները։
«Առաջին խաղս էր ազգային հավաքականի պաշտոնական հանդիպումներում։ Շատ յուրահատուկ խաղ էր, բայց ցավալի էր, որ չկարողացա գոլ խփել։ Իրենց ֆուտբոլիստները խանգարեցին, դարպասապահն ամեն ինչ արեց, որ գոլ չխփեմ։ Այդ ժամանակվա Իռլանդիայի հավաքականի կազմից գրեթե բոլորը հանդես էին գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում և ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլ էին խաղում։
Եթե մի քիչ լարվածությունս պակաս լիներ, կկարողանայի գոլ խփել։ Երկրորդ խաղում արդեն կարողացա գոլ խփել Հյուսիսային Մակեդոնիային, որտեղից էլ սկիզբ դրվեց հավաքականի կազմում իմ գոլերին։
Շատ դժվար էր իրականում հասկանալ՝ ինչ կատարվեց, բայց հասկացանք, որ ամեն ինչ շատ բարդացավ։ 10 հոգով մնալուց հետո հասկացանք, որ ամենքս մեր պարտավորություններից զատ պետք է լրացուցիչ աշխատանք կատարենք։ Ցավոք սրտի, վերջում չստացվեց, բայց պայքարեցինք մինչև վերջ։ Գոլը մեզ հույս ներշնչեց, որ ժամանակ ունենք, ուժ ունենք և դեռ կարող ենք բեկել խաղը։ Եթե Բերեզովսկուն չհեռացնեին, անկասկած կհաղթեինք այդ խաղում։ Ես մինչ այսօր համոզված եմ, որ հաստատ կհաղթեինք, եթե մինչև վերջ մնայինք 11 հոգով»,– ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Մովսիսյանը։
–00—ՅՄ