Ֆրանսիան համագործակցային նոր ծրագրեր կիրականացնի Գեղարքունիքում

08/09/2025 22:14 Ներքին կյանք
Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Մարզպետը և դեսպանը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզի կրթության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

Զրույցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ քայլարշավային տուրիզմի և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկայում կազմակերպվող այցերին, հանդիպումներին և քննարկումներին, ֆրանսիական փորձը մեր երկիր, մասնավորապես Գեղարքունիքի մարզ ներդնելու հնարավորություններին։

Մարզպետը խոսեց մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք մեծապես նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանն ու առաջընթացին։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական երկու երկրների միջև ձևավորված տևական համագործակցությունը, վստահեցրեց, որ ֆրանսիական կողմը կշարունակի մնալ իր սկզբունքներին հավատարիմ և նոր գաղափարների ներդրմամբ համագործակցային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում՝ տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապի խորացմանը և փոխադարձ շփումներին։

Հանդիպան ընթացքում կողմերը քննարկեցին նաև տնտեսական ու մշակութային համագործակցությանը վերաբերող հեռանկարային այլ հարցեր։