Սլովակիան աջակցում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման օրակարգին

08/09/2025 15:50 Քաղաքական

Սեպտեմբերի 8-ին Սլովակիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Պաշտպանության նախարարության պետքարտուղար Իգոր Մելիհերի հետ:

Իգոր Մելիհերը շնորհավորել է ԱԽ քարտուղարին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղությունը դրական ազդեցություն է ունենալու ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար:

Արմեն Գրիգորյանը Ի.Մելիհերի խնդրանքով ներկայացրել է Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները, ընձեռվելիք տնտեսական հնարավորություններն ու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Սլովակիա երկկողմ հարաբերությունները, ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը: Իգոր Մելիհերը հայտնել է Սլովակիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման օրակարգին:

—00—ՄԱ