Պեսկովը Թրամփին անվանել է «բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով»
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Պեսովը հայտնել է, որ Թրամփի դիրքորոշումը մեծապես տարբերվում է եվրոպական պետությունների ստանձնած դիրքորոշումից, որոնք, նրա խոսքով, «զգալիորեն խանգարում են» խաղաղ կարգավորմանը։«Ի տարբերություն դրա, Թրամփը շատ ավելի կառուցողական է։ Նա, բառի լավ իմաստով, բավական ցինիկ է։ Այն իմաստով, որ ինչո՞ւ կռվել, եթե կարելի է սակարկել։ Եվ Ամերիկայի շահերից ելնելով՝ նա ամեն ինչ անում է պատերազմները դադարեցնելու համար։ Եվ այս առումով նրա շահերը համընկնում են մեր շահերի հետ», – ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպումը կարող է արագ կազմակերպվել։«Իհարկե, հնարավոր է», – պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս հնարավոր է Պուտինի և Թրամփի բանակցությունների երկրորդ փուլը:
«Ես կասկած չունեմ, որ եթե նախագահներն անհրաժեշտ համարեն, ապա նրանց հանդիպումը կարող է շատ արագ կազմակերպվել, ճիշտ այնպես, ինչպես արագ կազմակերպվեց Ալյասկայի հանդիպումը: Աշխատանքային շփումներն ընթանում են մշտապես», – ընդգծել է Պեսկովը: