Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Aravot.am. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց մեկ ամսով երկարաձգել գործով մեղադրյալ, «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանի խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հանրային մեղադրողը միջնորդեց Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգել ու որպես հիմնավորում նշեց․ «Չի բացառվում այն հանգամանքը, որ դատարանը վերդիկտ կայացնելու ժամանակ որոշում կայացնի հիմնական դատալսումները վերսկսել։ Չեմ ուզում շեշտադրել այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտությունը նաև կարող է վերսկսել։ Իմ այս միջնորդությունը պայմանավորում եմ նաև խոչընդոտելու ռիսկով, քանի որ այդ ռիսկն այն աստիճան չի նվազել, որ հնարավոր կլիներ խափանման միջոցի այլ տեսակ քննարկել։
Դատարանի կողմից արձանագրվել է նաև մեղադրյալի կողմից ազատության մեջ գտնվելու դեպքում փախուստի հավանականությունը։ Կարծում եմ՝ եթե վերլուծության ենթարկենք, չկա որևէ հիմնավորում, պատճառաբանություն առ այն, որ ապացույցների՝ հետազոտված լինելու հանգամանքը թուլացնում կամ նվազեցնում է այդ ռիսկը։ Իմ գնահատմամբ՝ դա ավելի է բարձրացնում դրա հավանականությունը։ Նույն հավանականությամբ պահպանվում է փախուստի հնարավորությունը։ Իհարկե, որոշակի աստիճանով նվազեցված, բայց այն գոյություն ունի։ Պահպանվում է նաև քննությանը խոչընդոտման ռիսկը, հետևաբար հաշվի առնելով, որ մոտենում ենք նաև վերդիկտի կայացման փուլին, ուստի կալանքի անհրաժեշտությունը պահպանվում է և հետևաբար այն ենթակա է երկարաձգման։ Ընդորում, երկու ամսով երկարաձգումը բավարար է»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։