«Երեխաների կրկնազոհացումը պետք է կանխվի»․ անչափահասների արդարադատության խորհրդի նիստ է գումարվել

27/08/2025 19:46 Ներքին կյանք
Արդարադատության նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։ Նիստին ելույթով են հանդես եկել նաև Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը:

Բացման խոսքում Աննա Կարապետյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով խորհրդի շարունակական գործունեության կարևորությունը և անդրադարձ կատարելով նախորդ նիստում արձանագրված ուղղություններով կատարված գործողություններին:

Մասնավորապես, քննարկվել են Բարնահուս մոդելի հայաստանյան հայեցակարգի զարգացումները, դատական գործընթացներում հոգեբանների ներգրավման առնչությամբ անհրաժեշտ կառուցակարգերի ներդրումը և այդ ուղղություններով մշակվող օրենսդրական փաթեթը: Նիստում բարձրաձայնվել են նաև ընտանեկան վեճերի գործերով դատավարությունների դռնփակ կարգով անցկացնելու հնարավորության, ինչպես նաև երեխայի տեսակցության կարգն ապահովելու հետ կապված իրավական ու պրակտիկ հարցերը։

Իր խոսքում Գևորգ Սիմոնյանը կարևորել է քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների պատրաստման և վերապատրաստման գործընթացներն՝ ուղղված երեխաների կրկնազոհացման կանխմանը։ Նա ընդգծել է նաև պետական աջակցությամբ հոգեբանների համակարգված ներգրավման անհրաժեշտությունը, ինչպես նաև շարունակական կրթության ապահովումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում որակյալ ծառայությունների մատուցման համար։

Խորհրդի նիստում քննարկվել են նաև Հայաստանի՝ 2024 թ․ Բոգոտայում անցկացված առաջին գլոբալ նախարարական համաժողովում ստանձնած հանձնառությունները և դրանից բխող աշխատանքների իրականացումը։ Քննարկվել են նաև նոր հանձնառությունների ստանձնումը և դրանց հնարավոր շրջանակը:

Նիստն ամփոփել է Աննա Կարապետյանը՝ նախանշելով հաջորդիվ նախատեսվող գործողությունները, որոնք պետք է խորհրդի անդամները համատեղ իրականացնեն՝ ընդգծելով շարունակական հանդիպումների ու նեղ մասնագիտական քննարկումների անհրաժեշտությունը:

–00—ՍՊ