Դանիան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջել Գրենլանդիայում լրտեսական գործունեության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Դանիայի արտաքին գործերի նախարարը Կոպենհագենում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է ԱԳՆ՝ Դանիային և Գրենլանդիային թշնամացնելու փորձերի համար բացատրություն տալու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Ավելի վաղ դանիական հանրային հեռարձակողը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի քաղաքացիները գաղտնի գործողություններ են իրականացնում Գրենլանդիայում՝ փորձելով համոզել տեղի բնակիչներին խզել կապերը Դանիայի հետ և դաշինք կազմել Միացյալ Նահանգների հետ՝ արհեստականորեն ստեղծելով լարվածություն մայրաքաղաքի և ինքնավար տարածքի միջև։
Նշվում է, որ այդ ամերիկացի քաղաքացիներից առնվազն երեքը կապված են Դոնալդ Թրամփի հետ, սակայն լրատվամիջոցը չի մանրամասնել՝ ամերիկացիները գործել են սեփական նախաձեռնությամբ, թե Վաշինգտոնի հրահանգներով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգների վերահսկողության տակ վերցնելու իր ցանկության մասին՝ միաժամանակ կիրառելով քողարկված սպառնալիքներ։
Ե՛վ Կոպենհագենը, և՛ Գրենլանդիան կտրականապես մերժում են Սպիտակ տան ղեկավարի պնդումները՝ նշելով, որ Միացյալ Նահանգների կողմից թագավորության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ բացարձակապես անընդունելի է։