100 տարվա դադարից հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ իր հոգևոր գործունեությունը վերսկսեց Սբ․ Ստեփանոս եկեղեցին

27/08/2025 18:40 Ներքին կյանք

Օգոստոսի  25-ին, Սյունյաց թեմի առաջնորդ, Մակար սրբազան եպիսկոպոսի ձեռամբ վերաօծվեց Քաջարան խոշորացված համայնքի Փուխրուտ գյուղի 17-րդ  դարում կառուցված թաղակապ, Սբ  Ստեփանոս Նախավկա եկեղեցին:

Եկեղեցու վերականգնման աշխատանքները տևել են շուրջ երկու տարի, իրականացվել են «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ,  Քաջարանի համայնքապետարանի և գյուղի բնակիչների աջակցությամբ:

Վերաօծման արարողությանը ներկա էին Սյունիքի հոգևոր դասի, ԶՊՄԿ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, Քաջարան  համայնքի ղեկավարը, աշխատակազմը, ավագանու անդամներ, հյուրեր:

Արարողությամբ  հիմք դրվեց` տարածաշրջանի հոգևոր և մշակութային կյանքի նոր ժամանակաշրջանի: Համայնքում պատմամշակութային և հոգևոր կարևորություն ունեցող ևս մեկ ծրագիր կյանքի կոչվեց, ինչն իր հերթին կխթանի նաև տուրիզմն ու այլ հարակից ոլորտների զարգացման հնարավորությունները:

Խորհրդային տարիներին,  շատ եկեղեցիների պես, Սբ Ստեփանոս եկեղեցու շենքը վերածվել էր  պահեստի, իսկ անկախությունից հետո սրբավայրն ուղղակի լքված էր:

Գրեթե 100 տարվա դադարից հետո, այն  կրկին ընդունեց հավատացյալ ժողովրդին`սկիզբ դնելով բնակավայրի նորագույն պատմությանը:

Փուխրուտը հինավուրց գյուղ է, հարյուրամյակների պատմություն ունի, առաջին հիշատակումները բնակավայրի մասին Բեխորոտ անվանումով են, 10 – րդ դարի Տաթևի վանքի հարկացուցակում:

–00—ՅՄ