Վերջին 5 տարիներին մենք ունեինք «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով վերցնելու հնարավորություն

27/08/2025 13:11 Միջազգային

Որոշ ԶԼՄ-ներում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից իբր պատրաստվող Զանգեզուրի օկուպացիայի մասին։ Մենք նման մտադրություն չունեինք։ Եթե մենք ցանկանայինք դա անել, մենք դա կանեինք 2020 թվականի նոյեմբերին: Եվ դա շատ հեշտ կլիներ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya-ին տված հարցազրույցում։

«Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելը դժվար չէր: Ռազմական տեսանկյունից դա շատ ժամանակ չէր պահանջի։ Պարզապես պետք է գնալ երկու կողմերից՝ Նախիջևանից և Ադրբեջանի հիմնական մասից, և վերցնել այն»,-ասել է Ադրեջանի նախագահը:

Ալիևի խոսքով՝ իրենք դա չեն արել, քանի որ  ագրեսոր չեն։

«Այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ բոլոր այն լուրերը, թե մենք ծրագրել ենք փակել հայ-իրանական սահմանը, բացարձակապես անհիմն են։ Ի դեպ, այս հինգ տարիների ընթացքում, երբ Հայաստանը «արգելափակել էր «Զանգեզուրի միջանցքի» բացումը», մենք Իրանի կառավարության հետ, կրկին միջկառավարական մակարդակով, պայմանավորվեցինք Իրանի տարածքով շրջանցիկ ճանապարհ կառուցելու մասին»,-ավելացրել է Ալիևը: