Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում: Լրատվամիջոցը, հղում անելով իսրայելական «Maariv» թերթին, գրել է, որ պաշտոնական Անկարայի` Լիբիայում իրականացրած դիվանագիտական և ռազմական քայլերը «արմատապես փոխում են Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Հունական մամուլի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից Արևելյան Լիբիայում հյուպատոսարան բացելը և գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ ուղղակի կապեր հաստատելը «տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը տապալելուն միտված զարգացումներ» են: Հոդվածում նշվում է, որ Թուրքիան 1951-ին անկախություն ստացած Լիբիան ճանաչած առաջին երկրներից էր և 2011թ․-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել էր Թրաբլուսի կառավարությանը:
Ըստ հունական մամուլի՝ Հաֆթարի հետ Թուրքիայի ուղիղ շփումները կթուլացնեն Հունաստանի և Կիպրոսի ստեղծած եռակողմանի դաշինքների (Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս և Հունաստան-Կիպրոս-Իսրայել) ազդեցությունը:
«Banking News»-ը նկատում է, որ զարգացումները լուրջ հետևանքներ կունենան Հունաստանի և Կիպրոսի համար։ Անկարայի ռազմական ու դիվանագիտական ներկայությունը Լիբիայում կարող է հանգեցնել Արևելյան Միջերկրականում Հունաստանի ու Կիպրոսի մեկուսացմանը: