Ջրային պարեկների կողմից կազմվել են 37 կեղծ արձանագրություններ. քրվարույթն ուղարկվել է դատարան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր:
Մասնավորապես՝ պարզվել է, որ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկն իր համար աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, 2024-2025 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 23 կեղծ արձանագրություններ:
Բացի այդ, հիշյալ մարզի գումարտակի ևս 2 ջրային պարեկ, դարձյալ աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, 2024 թվականի հունվարից 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2025 թվականի ապրիլին կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 14 կեղծ արձանագրություններ, որոնք միանգամից հաշվառվել են բազայում։
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար վերը նշված 3 պարեկներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
—00—ՄԱ