ՄԹ պետնախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խաղաղության օրակարգի առաջմղման առիթով
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին:
Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության հաջող փուլի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սթիվեն Դաութիի այցը տարածաշրջան տեղի է ունենում շատ կարևոր և նույնիսկ պատմական ժամանակահատվածում՝ հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, որոնք Հարավային Կովկասում կայունության և կանխատեսելիության, ավելի լայն տարածաշրջանային համագործակցության և զարգացման հիմք են ստեղծում:
Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին:
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Հայաստան–Մեծ Բրիտանիա հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համատեղ ջանքերով այդ նպատակին հետևողականորեն հասնելու համար։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության համագործակցության հիմքում դրված են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն։
Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական նախագծերի ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը, բրիտանական ընկերությունների՝ առավել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային և այլ նախագծերում։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Միացյալ Թագավորության ակտիվ մասնակցությունը հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: