Բնակարանային գողություններ Մասիսում․ 59-ամյա կատարողը ձերբակալվել է

26/08/2025 14:02 Ներքին կյանք

Օգոստոսի 21-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում 64-ամյա տղամարդը հաղորդում է ներկայացրել, որ Մասիս քաղաքի 7-րդ փողոցում գտնվող իր տնից գողություն է արվել։

Նշված հասցե մեկնած Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին տանտերը հայտնել է, որ նախորդ օրը կեսօրից ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում հագուստի գրպանից 43 հազար դրամ են գողացել։

Նույն օրը հաղորդում է տվել նաև նույն փողոցի 71-ամյա բնակիչը։ Նա Արարատի քրեական ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 17-ին ժամը 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և պահարանից գողացել 38 հազար դրամ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի և Կոտայքի մարզային վարչությունների, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է բնակարանային գողությունները կատարած անձի ինքությունը։
Հրազդան քաղաքի 59-ամյա բնակիչը օգոստոսի 21-ին հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Նա խոստովանել է արարքը։

Նախաքննությունը շարունակվում է։

_00_ՄԱ