Եթե ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կվարվենք․ Իրանի ԱԽ

23/08/2025 12:35 Տարածաշրջան

Եթե լինեն համոզիչ ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ քայլերի կդիմենք. Khamenei.ir-ին տված հարցազրույցում ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ ընդգծելով, որ Իրանը որևէ ապացույց չունի 12-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության վերաբերյալ։

«Մենք պետք է հենվենք հավաստի փաստերի վրա։ Ոմանք ինչ-որ բան են պնդում, բայց պետք են հստակ ապացույցներ։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ նման բան չի եղել և մենք դեռ հիմքեր չունենք դրան չվստահելու համար»,- ասել է Լարիջանին։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հավելել է․ «Բարեկամությունը բարդ է. հնարավոր է ընկերներ լինել որոշ ոլորտներում, իսկ մյուսներում՝ տարաձայնություններ ունենալ: Նույնիսկ խոշոր երկրները, ինչպես Ռուսաստանն ու Չինաստանը, կապեր ունեն Իսրայելի հետ, բայց մենք գործում ենք սեփական շահերից ելնելով»։

Պատասխանելով Իրանի դեմ Ադրբեջանի հնարավոր գործողությունների մասին հարցին՝ նա հայտարարել է․ «Ադրբեջանը պաշտոնապես մեր դեմ գործողություններ չի ձեռնարկում, և մենք չունենք համոզիչ ապացույցներ»։

–00—ՍՊ