ՀՀ քաղաքացու մեքենան գողացած վրացու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել

22/08/2025 20:50 Ներքին կյանք

Քննչական կոմիտեն անդրադարձել է քաղաքացու՝ մեքենան գողանալու վերաբերյալ ահազանգին:

Հիշեցնենք՝ քաղաքացի Աբրահամ Աշղյանը ավելի վաղ գրառում էր կատարել՝ նշելով, որ օրեր առաջ տան բակից գողացել են իր մեքենան և ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել գողության մասին։ Ըստ նրա՝ ժամեր անց ինքն ու իր ընկերները գտել են մեքենան ցեխերի մեջ թաղված և ավերված վիճակում։  Հայտնել՝ մեկ օր անց իր ուժերով գտել է գողին, որը Վրաստանի քաղաքացի է:

Քննչական կոմիտեից հայտնել են․ «Դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (խոշոր չափերով գողությունը՝ տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով): Քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում»:

–00—ՍՊ