Ռուբենն ունի առողջական խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին

22/08/2025 12:18 Քաղաքական

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ այցելեցինք ապօրինաբար ազատազրկված Ռուբեն Հակոբյանին:

Ռուբենը եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր,
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս: Մշտապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, սուր քննադատությամբ աչքի ընկնող հասարակական, քաղաքական գործիչը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար:

Հիշեցնեմ, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ հեռուստաընկերություններից մեկի հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար:

Այս դեպքում ևս որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը: Գաղտնիք չէ, որ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումն այս իշխանությունների օրոք դարձել է արատավոր պրակտիկա:

Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Այս ընթացքում վատթարացել է վերջինիս առողջական դրությունը, մեկ անգամ տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Մտահոգիչ են նաև պահման պայմանները:

Օգոստոսի 27-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Ռուբենի խափանման միջոցի փոփոխման հարցը (դատավոր՝ Դավիթ Արղամանյան):

Լիահույս եմ, որ հաշվի կառնվեն Ռուբեն Հակոբյանի՝ քաղաքականության մեջ ունեցած ներդրումն ու առողջական լրջագույն խնդիրները:

Այս օրերին ընթանում են նաև Սրբազան պայքարի մեր ընկերների դատավարությունները:

Ազատությու’ն Ռուբեն Հակոբյանին, ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին:»։

 

–00—ԱՊ