Լոռու մարզում հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի պահեստում:
Առևտուրը կազմակերպող 43-ամյա վանաձորցին հայտնեց, որ օղիները կեղծ են, իսկ առանց դրոշմանիշի ծխախոտը ձեռք է բերել տարբեր անձանցից:
Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի ապրանքի ձեռքբերման աղբյուրները ճշտելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
—00—ՄԱ