Արսեն Թորոսյանը դրսևորել է պատգամավորին ոչ հարիր, անհամատեղելի վարքագիծ. Դիտորդ մարմին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի դեմ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացրած բողոքի կապակցությամբ Ա․ ՓԱՍՏԵՐ 1. 2025 թ․ հուլիսի 9-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը «Ժողովուրդ» օրաթերթից բողոք է ստացել այն մասին, որ դիմումից օրեր առաջ այդ պարբերականի լրագրող Սոնա Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Մեսենջեր» հավելվածի միջոցով հոդվածի համար մեկնաբանություն է խնդրել ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանից (ՔՊ խմբակցություն)՝ ակնկալելով տեղեկանալ, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր ձեռքի տակ եղած տեղեկություններն առ այն, որ անհետ կորած մի քանի զինծառայողների ծնողներ, վարչապետի հետ հանդիպումից դուրս գալիս, կառավարության շենքի մոտ տեսել են Թորոսյանին, նրանցից մի քանիսը (մեջբերում դիմումից) «հարձակվել են պատգամավորի վրա, հաշիվներ պահանջել, որ ԴՆԹ հետազոտությունները Արսեն Թորոսյանի օրոք, նրա միջամտությամբ դարձել են ծաղրուծանակի առարկա, քանի որ տվել են մի ծնողի 3 ձեռքի ոսկոր եւ ասել են, որ 3 ձեռքերն էլ ձեր որդունն են: Այս եւ այլ երեւույթները հիշելով, ծնողներից մեկն անգամ պատգամավորի օձիքից է ձգել, վեր բարձրացրել»:
Արսեն Թորոսյանն ի պատասխան տեղեկացրել է, որ հրաժարվում է արձագանքել հենց այդ լրատվամիջոցի հարցադրմանը։ Այդուհանդերձ, Թորոսյանը լրագրողի շարադրած տեղեկության վերաբերյալ նշել է, որ «օրաթերթին կա՛մ սուտ ինֆորմացիա են տվել, կա՛մ ինքն է սուտ ինֆորմացիան հորինել, ինչպես հաճախ»։ Նույն օրը Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տվյալ հարցի վերաբերյալ Սոնա Գրիգորյանի հետ իր նամակագրությունը։ Դիմումատուն Դիտորդ մարմնից ակնկալում է գնահատական, թե որքանով է պաշտոնյայի վարքագիծը լրագրողի հետ նկարագրված շփման ընթացքում համապատասխանում էթիկայի նորմերին։ 2. Թորոսյանի հետ նամակագրության հաջորդ օրը Սոնա Գրիգորյանն իր ունեցած տեղեկությունները հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթում եւ ArmLur.am կայքում՝ «Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է» վերնագրի ներքո՝ այդպիսով հաստատակամ պնդում կատարելով տեղեկության իսկության վերաբերյալ։ 3. Արսեն Թորոսյանն այդ հրապարակումից 20 օր անց ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է թեմային՝ հրապարակելով ամենայն հավանականությամբ կառավարության անվտանգության տեսախցիկներից վերցված տեսանյութ, որը, ըստ պատգամավորի, ապացուցում է, որ օրաթերթի հրապարակած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 4. Ստանալով «Ժողովուրդ» օրաթերթի բողոքը՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի համակարգողը գրավոր դիմել է Արսեն Թորոսյանին՝ տեղեկացնելով դրա բովանդակության մասին եւ պատգամավորին առաջարկելով պարզաբանումներ անել եւ ներկայացնել իր դիրքորոշումը։ Դիտորդ մարմնին պատասխանելու փոխարեն, Արսեն Թորոսյանը կրկին հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղադրելով ԴՄ համակարգողի նամակի լուսապատճենը։ 5. Դիմումի իրավական ասպեկտները քննելու խնդրանքով Դիտորդ մարմինը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին։
Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
I. Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք Հոդված 4. Պատգամավորի պարտականությունները 1. Պատգամավորը պարտավոր է՝ ․․․ 4) պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները. II. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք Հոդված 21. 1. Բարեվարքության համակարգը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները եւ դրանցից բխող վարքագծի կանոնները: Հոդված 25. 1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները դրսեւորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսեւորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս: III. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենք Հոդված 3. Պատգամավորական էթիկայի կանոնները 1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին: 2. Պատգամավորական էթիկայի կանոններն են` …. 1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին. 2) հարգել հանրության բարոյական նորմերը. …. 6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. 7) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ. 8) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: IV. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր …խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են 1.1. Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։ 1.6. Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի եւ սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս։ 2.1. Հնարավորինս նշել տեղեկությունների աղբյուրները։ V. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ 5․4․ ԴՄ-ն քննության է առնում տեղեկատվության ոլորտում պաշտոնապես գործունեություն իրականացնողների մասնակցությամբ տեղեկատվական վեճերը եւ ըստ անհրաժեշտության հանդես է գալիս հայտարարությամբ կամ հրապարակում է փորձագիտական կարծիք։
Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
Հաշվի առնելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հանրային գործունեությունը, այդ թվում՝ սոցիալական մեդիայում դրսեւորած ակտիվությունը, առաջնորդվելով ԴՄ աշխատակարգի 5.4 կետով՝ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննության է առել «Ժողովուրդ» օրաթերթի դիմումը, ստուգելով եւ վերլուծելով դրանում ներկայացված փաստերը, ինչպես նաեւ խնդրի վերաբերյալ հավելյալ ուսումնասիրություններ կատարելով՝ հրապարակում է սույն փորձագիտական կարծիքը, որով արձանագրում է․ -«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի եւ ԱԺ պատգամավորի միջեւ ֆեյսբուքյան նամակագրությունը, որը նպատակ է հետապնդում հրապարակման ենթակա, հանրության համար կարեւոր տեղեկություններ ստանալ, ըստ էության, անձնական բնույթի չէ, հետեւաբար՝ փաստը, որ պատգամավոր Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սոնա Գրիգորյանի հետ նամակագրությունը, հակասության մեջ չի մտնում համընդհանուր էթիկական պատկերացումների հետ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեւավորվող այն միտումը, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ պետական մարմինները հաճախ լրագրողների եւ խմբագրությունների գրավոր հարցումներին պատասխանում են ոչ թե հետադարձ գրությամբ, այլ հրապարակային գրառումներով՝ դրանով իսկ խաթարելով լրագրողական էքսկլյուզիվ նյութի պատրաստումն ու հրապարակումը, Դիտորդ մարմինն այդ պաշտոնյաներին ու մարմիններին կոչ է անում ԶԼՄ-ների հետ բոլոր հարցերը լուծել ուղիղ կապի եւ երկխոսության միջոցով, եւ միայն դրա անարդյունավետության դեպքում դիմել օրենքով նախատեսված այլ քայլերի։
Պատգամավոր Թորոսյանը մասամբ պատասխանել է լրագրողի հարցին՝ նշելով, որ նրա նկարագրած իրադարձությունները սուտ են, չբացառելով, որ հենց խմբագրությունն է այդ «սուտ ինֆորմացիան հորինել, ինչպես հաճախ»։ Այս իմաստով հարկ է նշել, որ ազատ մանդատի հիման վրա գործող պատգամավորը ոչ միշտ է պարտավոր պատասխանել իրեն ուղղված հարցերին, թեպետ հրաժարվելու դեպքում ցանկալի է հանրությանը բացատրել իր հրաժարման պատճառները։ Միեւնույն ժամանակ, պատասխանի տոնն ու բովանդակությունը ակնհայտ են դարձնում, որ պատգամավորը չի դրսեւորել զսպվածություն ու բարեկրթություն՝ անհիմն ընդհանրացնելով կոնկրետ դեպքը, խմբագրությանը մեղադրելով ստեր «հորինելու» եւ այդ գործելաոճը հաճախ կիրառելու մեջ, ինչը կարող է որակվել որպես միտումնավոր վիրավորանք։ Ցանկացած պարագայում, հանրային պաշտոնյան, այդ թվում՝ ԱԺ պատգամավորը, անկախ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ իր վերաբերմունքից, պարտավոր է շփման ընթացքում պահպանել բարեկրթություն, բացառել վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները, ինչպես պահանջում է վերեւում վկայակոչված ՀՀ օրենսդրությունը։ ՀՀ ԱԺ պատգամավորները, ինչպես եւ յուրաքանչյուր ոք, կարող են օգտվել անբարեխիղճ լրատվությունից պաշտպանվելու օրինական, դատական եւ/կամ արտադատական գործիքներից, այդ թվում՝ հերքման կամ պատասխանի իրավունքից։ – – Արսեն Թորոսյանը խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման ճշմարտացիությունն ապացուցելու համար Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ, որն ակներեւաբար վերցված է կառավարության անվտանգության տեսախցիկներից։ Դիտորդ մարմինը Արսեն Թորոսյանին եւ համապատասխան գործադիր մարմիններին կոչ է անում տեղեկացնել հանրությանը, թե ինչ հիմքերով եւ ինչ ընթացակարգով է տեսանյութը հայտնվել Թորոսյանի տնօրինման ներքո, արդյո՞ք առկա է այն հրապարակելու օրինական թույլտվություն, եւ արդյո՞ք տեսանյութն ամբողջական է, մանավանդ, որ նման հարցադրում օգտատերերի կողմից եղել է խնդրի շուրջ հաղորդակցման համար հենց պատգամավորի նախընտրած հարթակում՝ Ֆեյսբուքում։ Դիտորդ մարմինը տարակուսանք է հայտնում ԴՄ համակարգողի նամակին ի պատասխան պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառման վերաբերյալ։
ԴՄ գործունեության մասին ենթադրյալ անտեղյակությունը հիմք չի ստեղծում ինքնակարգավորման կառույցի նկատմամբ հեգնական դատողություններ անելու համար։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ է, որ իշխանության ներկայացուցիչը պատշաճ հարգանք դրսեւորի քաղաքացիական հասարակության հաստատությունների, նախաձեռնությունների, այդ թվում՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման մարմինների նկատմամբ։ Ինչ վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված խնդրո առարկա հոդվածին, Դիտորդ մարմինն արձանագրում է, որ – «Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է» վերնագրի ներքո հրապարակված նյութը հակասության մեջ է մտնում Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 1.1., 1.6., 2.1. կետերի պահանջների հետ։ Թեպետ նյութի հեղինակը փորձել է մինչեւ դրա հրապարակումը ստուգել իր աղբյուրից ստացած տեղեկության հավաստիությունը, այդուհանդերձ, անտեսելով պատգամավոր Թորոսյանի պատասխանն այն մասին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, դրա իսկությունը պնդող վերնագիր է ընտրել եւ նկարագրել է խնդրահարույց պատմությունն ամբողջությամբ՝ առանց իր աղբյուրի հայտնած տեղեկությունը ստուգելու հավելյալ ողջամիտ փորձերի։ Ընդ – որում, լրագրողը նաեւ չի հիմնավորել աղբյուրի անանուն լինելու անհրաժեշտությունը։
ԴՄ-ին րատվամիջոցի դիմումի իրավական ասպեկտների վերաբերյալ առավել մանրամասն եզրակացություն կազմելը Դիտորդ մարմինը պատվիրակել է Տեղեկատվական վեճերի խորհրդին, որը կատարած ուսումնասիրության արդյունքում մասնավորապես արձանագրել է, որ «լրագրողի հետ շփվելիս ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը դրսեւորել է այնպիսի վարքագիծ, որն անհամատեղելի է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ բարեվարքության համակարգի հարգալիրության եւ օբյեկտիվության սկզբունքների հետ, որոնցից վերջինը արտահայտված է նաեւ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթներում։ – – Միեւնույն ժամանակ ՏՎԽ-ն նպատակահարմար է համարեկ անդրադառնալ նշել է նաեւ Ժողովուրդ» օրաթերթում եւ «ArmLur.am» կայքում հրապարակված նյութին եւ փորձագիտական կարծիք հայտնեկ, «որ «Ժողովուրդ» օրաթերթում եւ «ArmLur.am» կայքում հրապարակված խնդրո առարկա նյութում օգտագործվել են Արսեն Թորոսյանի արժանապատվությունը արատավորող, զրպարտչական արտահայտություններ։ Հակառակը հնարավոր կլինի պնդել, եթե հրապարակման հեղինակը ապացուցի, որ դրանում տեղ գտած փաստացի տվյալները համապատասխանել են իրականությանը։ Արսեն Թորոսյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները տվյալ իրավիճակում եւ իրենց բովանդակությամբ պայմանավորված չէին գերակա հանրային շահով, եւ լրագրողը պետք է ողջամտության սահմաններում ձեռնարկեր հավելյալ միջոցներ՝ պարզելու համար իր ձեռքի տակ հայտնված տվյալների ճշմարտացիությունը եւ հիմնավորվածությունը»։ Դիտորդ մարմինը հույս է հայտնում, որ սույն փորձագիտական կարծիքը հանրային հաղորդակցության ոլորտում ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների համար համապատասխան հետեւությունների առիթ կդառնա։ Դիտորդ մարմինը հիշեցնում է ԴՄ Աշխատակարգի դրույթը, որ Ինքնակարգավորման նախաձեռնության անդամ «Ժողովուրդ» օրաթերթը սույն փորձագիտական կարծիքի՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների պետք է հրապարակի լրատվամիջոցում եւ այդ մասին տեղեկացնի ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը։