Արցախցիների իրավունքները չեն կարող ի չիք դառնալ․ հայտարարություն

21/08/2025 17:42 Ներքին կյանք

«Սատար Արցախին» միության հայտարարությունը․

«Սատար Արցախին ֆրանսահայ միությունը» վերահաստատում է իր անսասան նվիրվածությունը Հայոց պետության անկախությանը։ Անկախ Հայաստանի ստեղծումը եղել է հիմնարար ուղենիշ և ներշնչման աղբյուր աշխարհի բազմաթիվ սփյուռքահայերի համար։

Հենց այս նվիրվածությունից ելնելով է, որ մենք այսօր խորը վերապահումով ենք արձագանքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնցով արցախահայերին կոչ է արվում հրաժարվել իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքից։

Պետք է հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի ծնվել տարածքային հավակնություններից, այլ եղել է արցախահայության արդար պայքարը՝ պաշտպանելու իր հիմնարար իրավունքները՝ Բաքվի իշխանությունների կողմից տարվող խտրականության, բռնությունների և հայատյաց քաղաքականության դեմ։ Այդ իրավունքները ոչ մի կերպ չեն կարող աստիճանակարգվել կամ համարվել երկրորդական։

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը պետք է լինեն անկախ ու ինքնիշխան պետության առաջնահերթություններ։ Այդ իրավունքները երկրորդ պլան մղելը ոչ թե զորացնում, այլ էապես թուլացնում է ազգային համերաշխությունը։ Ոչ մի քաղաքական պատճառ չի կարող արդարացնել մարդկանց հիմնարար իրավունքների զոհաբերումը։ Այդ իրավունքները գոյություն ունեն՝ անկախ քաղաքական ռեժիմներից կամ ուժերի հարաբերակցությունից։ Եթե Ադրբեջանը հրաժարվում է հարգել այդ իրավունքները, ապա այդ երկիրն է, որ պետք է համակերպվի միջազգային իրավունքի նորմերին, ոչ թե Հայաստանը հրաժարվի դրանց պաշտպանությունից։

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա դրված է ծանր պատասխանատվություն՝ ապահովելու տևական խաղաղություն և արժանավայել վերաբերմունք Արցախի բռնի տեղահանվածների նկատմամբ։ Բայց որևէ խաղաղություն չպետք է կառուցվի հայ ժողովրդի մի հատվածի հիմնարար իրավունքների ժխտման հիման վրա, որոնք հստակ ճանաչվել են Միջազգային արդարադատության դատարանի կողմից։

Սեփական ժողովրդին ծառայող, անկախ և ինքնիշխան հայկական պետության առաջնային առաքելություններից է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները:

Հետևաբար, մենք կրկին հաստատում ենք, որ արցախահայության իրավունքները չեն կարող ի չիք դառնալ։ Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը պահանջում է միջազգային հանրության ուշադրությունն ու գործողությունը։ Հավատարիմ մնալով մեր հանձնառությանը՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը և կոչ ենք անում Հայաստանի ու սփյուռքի բոլոր ուժերին միավորել ջանքերը՝ պաշտպանելու արցախահայերի հիմնարար իրավունքները»։

—00—ՄԱ