Հայցում ենք առ Աստված, որ Երկնավորը Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը

21/08/2025 15:54 Ներքին կյանք

Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին։

Վեհափա՛ռ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Տարիներ առաջ Միածնաէջ Մայր Տաճարում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Շուրջ երկուսուկես տասնամյակ Դուք ստանձնեցիք Հայոց ազգին հավատքի և եկեղեցասիրության ճամփաներով ուղղորդելու և փրկակար հավատքն անսասան պահելու առաքելությունը: «Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հոգևոր ու բարոյական արժեքների գանձարան…» (Գարեգին Բ Հայրապետ):

Վեհափա՛ռ Տեր,

Հայցում ենք առ Աստված, որ Երկնավորը Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Բարձրյալն Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից լինի մեր Հայոց երկնադիր Սուրբ Եկեղեցուն՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:
Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

—00—ՄԱ