Վերջին տարիներին Հայաստանում տապալվել է մի քանի խոշոր ներդրումային ծրագիր

20/08/2025 23:29 Ներքին կյանք

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Վերջին տարիներին Հայաստանում տապալվել է մի քանի խոշոր ներդրումային ծրագիր: Օրինակ, Ֆլայ Արնան, որը արաբական հեղինակավոր Էյր Արաբիայի հետ համատեղ ծրագիր էր եւ միտված էր Հայաստանում ավիացիոն բարձր ստանդարտի համապատասխանող ազգային ավիափոխադրող ունենալուն:

Այդ ծրագիրը տապալվեց, պետության վրա արժեցավ մսխված 10 միլիարդ եւ ավելիւ դրամ, նաեւ ներդրումային հեղինակության անկում, առավել եւս նկատի ունենալով այն, որ արաբական կողմը դժգոհ է Հայաստանի կառավարության պարտաճանաչությունից եւ գործընկերային պատասխանատվությունից:

Մեկ այլ խոշոր ծրագիր էր արեւային կայանների կառուցումը, դարձյալ արաբական Մասդար ընկերոթյան հետ, որն այդ ոլորտում համաշխարհային հեղինակություններից է: 2021 թվականին հայտարարվեց ծրագրի մասին, իսկ շահագործումը պետք է լիներ 2025-ին: 2025-ն ավարտվում է, արեւային կայաններից Կ տառն էլ դեռ չկա: Մինչդեռ, Ադրբեջանն օրինակ Հայաստանից ավելի ուշ գործ բռնեց նույն Մասդարի հետ, ավելի խոշոր ծավալի ներդրումային ծրագիր սկսեց եւ արդեբ շահագործում է:

Հայաստանի պատմության մեջ խոշորագույն ներդրումային ծրագիրը՝ 450 միլիոն դոլարի, Ամուլսարի ոոսկու հանքավայրն էր: Ի դեպ, դա ամերիկյան ներդրում էր, ինչի վկայություն էր եւ այն, որ ԱՄՆ դեսպանները անընդհատ ուշադրության կենտրոնում էին պահում Ամուլսարի ծրագրի ճակատագիրը: 2018-ից հետո ծրագիրը արգելափակվեց, ըստ էության՝ առ այսօր: Արվում են ինչ որ մշուշոտ հայտարարություններ, բայց փաստն այն է, որ Հայաստանի պատմության մեջ  խոշորագույն ներդրումային ծրագիրը տապալված է:

Ես գիտեմ, որ Ամուլսարի վերաբերյալ հանրային կարծիքը տարբեր է: Բայց, ես հիմա չեմ ուզում քննարկել այդ հանգամանքը, որովհետեւ, եթե կառավարության դիրքորոշումը լիներ հստակ՝ ծրագիրը բնապահպանական վնաս է եւ չպետք է աշխատի, այդ դեպքում կարող էինք դրա հետ համաձայնել, կամ՝ ոչ, բայց ամեն ինչ կլիներ հասկանալի, պարզ, կանխատեսելի:

Բայց, կառավարությունն այդպես էլ պատասխանատվություն չունեցավ ասել հստակ որեւէ բան, կայացնել հստակ որոշում եւ իրագործել այն: Իսկ ներդրողները գնահատում են հենց դա՝ պատասխանատվությունը, որոշում կայացնելու եւ դրա համար պատասխանատվություն վերցնելու կարողությունը:

Ինչու՞ եմ անդրադառնում այս թեմային եւ ներկայացնում շարքը, որը գուցե հնարավոր է շարունակել այլ օրինակներով:

Վաշինգտոնյան ակտից հետո ընդհուպ պետական մակարդակով շեփորվում է ինչ որ ներդրումային բում:

Մինչդեռ, ուզում ես ասել՝ ընկերներ, դուք նախ տեր կանգնեիք արդեն իսկ եկած ներդրումներին, Հայաստանի հետ աշխատելու ցանկություն հայտնած եւ ձեզ հետ պայմանավորված ներդրողների հետ իրականացվելիք ծրագրերին, ստեղծեիք դրանցով Հայաստանի արտաքին ներդրումների «ընդունման»  արդյունավետ պատմություն, հետո նոր խոսեք հիպոթետիկ ներդրումայյին բումի մասին, այն էլ առանց դրա առարկայականության գեթե մի շոշափելի հիմք ուրվագծելու»:

—00—ՍՊ