9 հազար 887 մարդ ստացել է ընդհանուր 486 մլն դրամ աջակցություն. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց կարող են վերադառնալ ինքնաշխատ եղանակով։
Այսինքն, եթե ձեր հաշվին նկատեք ավելցուկ՝ կլորիկ գումարի տեսքով, կարող եք չանհանգստանալ, դա ձեր աշխատավարձից կուտակված սոցվճարի վերադարձն է։ Հենց այս վերադարձի շնորհիվ անձը մեկ օրում կարող է դառնալ միլիոնատեր։
Եկեք հասկանանք՝ ինչպես է գործում սոցվճարի վերադարձը: Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5%-ի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10%-ի եւ 25 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 87 հազար 500 դրամից։
Եթե տարեկան եկամուտը չի գերազանցում 6 մլն դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5%-ի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10%-ի եւ 300 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 1 մլն 50 հազար դրամից։
Հարկ է ընդգծել, որ սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ միաժամանակ հանդիսանում են անհատ ձեռնարկատեր կամ նոտարի վարձու աշխատող, որի արդյունքում նրանց համար հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու համար, թե որքան է կազմել այս ծրագրով վերադարձի գումարի չափը, եւ քանի անձ է ստացել սոցվճարի վերադարձ։
«ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին եռամսյակում մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված եւ փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներ վերադարձվել են թվով 9 887 մասնակիցնեդի, իսկ վերադարձված գումարի ընդհանուր չափը կազմել է 486 մլն 606 հազար դրամ», – ասված է հարցմանն ի պատասխան»։
–00—ՍՊ