ԵՄ-ում ապաստանի դիմումների թիվը նվազել է մեկ երրորդով

18/08/2025 17:35 Միջազգային

Եվրամիությունում ապաստան տրամադրելու վերաբերյալ նախնական դիմումների թիվը տարեկան կտրվածքով նվազել է գրեթե մեկ երրորդով: Մայիսին ԵՄ երկրներում ապաստանի դիմում է տվել 54 780 մարդ, ինչը 30%-ով պակաս է 2024 թ. նույն ամսվա ցուցանիշից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ԵՄ վիճակագրական ծառայությունը (Eurostat):

Միևնույն ժամանակ, 2025 թ. ապրիլի համեմատությամբ փախստականներից ստացված դիմումների թվաքանակը երեք ամսվա ընթացքում առաջին անգամ աճել է. ապրիլին այս ցուցանիշը կազմել է 48 935 դիմում կամ 12%-ով պակաս, քան մայիսին:Մայիսին ապաստան խնդրողների շրջանում ամենաշատը եղել են Վենեսուելայի քաղաքացիները (8085 նախնական դիմում). նրանց հաջորդել են Աֆղանստանից (4575), Բանգլադեշից (3095) և Սիրիայից (2935) ժամանած անձինք: Առավել մեծ քանակությամբ դիմումներ ներկայացվել են Իսպանիայում (12 755), Իտալիայում (11 760), Ֆրանսիայում (9490) և Գերմանիայում (8330):

Այսպիսով, Գերմանիայում ներկայացված նախնական դիմումների թիվը կրկին կրճատվել է։Վերջին ամիսներին ԵՄ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, խստացրել են իրենց միգրացիոն քաղաքականությունը։ Բացի այդ, ապաստանի դիմումների թվի կրճատումը պայմանավորված է 2024 թվականին ԵՄ-ում նոր կանոնների ընդունմամբ։ Ի թիվս այլ բաների, բարեփոխումը նախատեսում է Եվրամիության արտաքին սահմաններում հնարավոր փախստականների մուտքի ընթացակարգի փոփոխություն։

—00—ՄԱ