Ապօրինի կալանքը Ձեզ պակաս ազատ չի դարձնում. ՌՀՄ ղեկավարը շնորհավորել է Սամվել Կարապետյանին

18/08/2025 15:41 Ներքին կյանք

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին շնորհավորել է 60-ամյակի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է միության մամուլի ծառայությունը։

«Ձեր ապօրինի կալանքը Ձեզ չի դարձնում պակաս ազատ, քան նախկինում էիք, այլ մեկ անգամ ևս բացահայտում Հայաստանի ներկայիս իշխանությունների ավտորիտար, անարդար և անշնորհակալ էությունը, մի երկիր, որի համար դուք այդքան շատ բան եք արել որպես գործարար և որպես ազգային բարերար», – նշել է Աբրահամյանը։

Նա վստահություն է հայտնել, որ գործարարի փորձն ու գիտելիքները դեռ պահանջված կլինեն Հայաստանում, որը կվերականգնի հարգանքն ու արժանապատվությունը և կդառնա անկախ և բարգավաճ ժողովրդավարական պետություն։
«Ձեզ և Ձեր բոլոր մերձավորներին մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ և վստահություն, որ բարին կհաղթի չարին», – ասվում է շնորհավորական ուղերձում։

—00—ՄԱ